Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանին և կազմակերպության մարզիչներին ու մարզիկներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում «Special Olympics» մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպության ներկայացուցիչը:

Կազմակերպության առաքելությունը մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումն ու հասարակության մեջ ինտեգրումն է:

2019 թ-ին Դուբայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի երկու մարզիկներ արժանացել են ոսկե մեդալի՝ լող և աթլետիկա մարզաձևերում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն 4 մարզիկով մասնակցելու է հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «Բեռլինի հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղեր»-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել կազմակերպության կարևոր գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում