ՀՀ ԱԺ նախագահը ՄԹ Համայնքների պալատի պատգամավորին երախտագիտություն է հայտնել ՀՀ և ԼՂ հարցերում հստակ դիրքորոշման համար
2 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ նախագահը ՄԹ Համայնքների պալատի պատգամավորին երախտագիտություն է հայտնել ՀՀ և ԼՂ հարցերում հստակ դիրքորոշման համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1112760.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները:
«ՀՀ ԱԺ նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կենսական հարցերում նախարարի հստակ դիրքորոշման, ՄԹ խորհրդարանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող պարբերաբար հնչող ուղիղ հայտարարությունների համար, այդ թվում` Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի ներկա իրավիճակին` առանցքային համարելով առկա անվտանգության հարցերը:
Նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ: Բարձրաձայնվել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձության հարցը: