Մշակույթ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում

3 րոպեի ընթերցում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում

ԳՅՈՒՄՐԻ,4 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 6-13-ը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու թատրոնը Լիբանանում կներկայացնի երեք բեմադրություն՝ «Տունը սահմանին» քաղաքական սատիրան, «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությունը ու մանկական «Քեռի Քուչին»։ Հյուրախաղերի մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է խաղալ հինգ ներկայացում։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ հյուրախաղերի գերնպատակը Լիբանանում հայ համայնքի ու հայ մշակույթի կապը պահելն է։

«Երբ 2019 թվականին սկսեցինք համագործակցել Լիբանանի «Գասպար Իփեկյան»թատրոնի հետ, համագործակցությունը շատ ջերմ ստացվեց՝ նախ մենք մեկնեցինք Լիբանան, հետո իրենք եկան․ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լիբանանի հայկական թատրոնի հետ համագործակցության արդյունքում թատերասերների դատին հանձնեց Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթևոս» բեմադրությունը, բեմադրիչ՝ Հակոբ Տեր-Ղուկասեան։ Այդ ժամանակ ցանկությունը մեծ էր կրկին հյուրախաղերի մեկնել Լիբանան, բայց Լիբանանի հայտնի դեպքերի, համաճարակի, ապա նաև 44-օրյա պատերազմի պատճառով այդ հյուրախաղերը հետաձգվեցին։ Կապը այսպես երկար ժամանակ կտրվեց, հիմա որոշեցինք այն վերականգնել»,- «Արմենպրես»-ին նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով՝ հաճույքով են մեկնում Լիբանան՝ չնայած լիբանանյան ճգնաժամին ու դժվարություններին։

«Եթե առաջին հյուրախաղերի ողջ ծանրաբեռնվածությունը Լիբանանի թատրոնի վրա էր, հիմա մենք էլ մեր վրա վերցրեցինք որոշակի ծանրաբեռնվածություն։ Սկզբում մտածում էինք՝ հնարավոր չէ երեք ներկայացում, 15 դերասան, բայց ԿԳՄՍ նախարարությունը աջակցեց մեզ։ Շատ բարդ է մեր լիբանանահայ գործընկերների համար, բայց իրենք էլ ամեն անհնարինն անում են այս հյուրախաղերի կայացման համար»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը՝ նշելով, որ այս հյուրախաղերն անչափ սպասված են թատրոնի համար։ «Առաջին հյուրախաղերից հետո մենք սիրահարվեցինք Լիբանանին՝ մարդկանց՝ իրոք արվեստ սիրող ու գնահատող մարդիկ են»։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում