«Երևանյան բեսթսելեր». «Սրճարան աշխարհի եզրին»-ը ՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2023
10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքների։
Առաջին տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երկրորդ տեղում է։ Այն յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի՝ դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով, պատրաստ՝ ապրելու երկար ու երջանիկ:
Երրորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը չորրորդ տեղում է։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում։
Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Առաջին անգամ գաղտնազերծվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։
Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը հինգերորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։
Վեցերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» յոթերորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, նրանց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Ութերորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը իններորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...
Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը տասներորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Լիոնել Մեսսիի կենսագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +2 | Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» | Դավինչի | 107 | |
| 2 | 0 | Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 94 | |
| 3 | +5 | Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» | Վերնատուն | 63 | |
| 4 | Նոր | Սամվել Ֆարմանյան «Միայնակ ընդդեմ ճակատագրի» | Newmag | 57 | |
| 5 | * | Գարեգին Նժդեհ «Գլխովին կորչելու վտանգը» | Վերնատուն | 46 | |
| 6 | -1 |
Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» |
Դավինչի | 43 | |
| 7 | * |
Գերի Չեփմեն «Սիրո 5 լեզուները» |
Newmag | 40 | |
| 8 | +1 | Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» | Անտարես | 38 | |
| 9 | * |
Դեյլ Քարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» |
Ավրորա | 37 | |
| 10 | * |
Լուկա Կայոլի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» |
Newmag | 36 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: