Արցախի նախագահը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է առկա մարտահրավերների մասին և քննարկել անելիքները
1 րոպեի ընթերցում
![Արցախի նախագահը տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է առկա մարտահրավերների մասին և քննարկել անելիքները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1112229.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է Արցախի Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:
Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:
Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։
Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը: