Հասարակական

Գավառի բժշկական կենտրոնի նորաբաց ակնաբուժական բաժանմունքում իրականացվել է 100-ից ավելի վիրահատություն

2 րոպեի ընթերցում

Գավառի բժշկական կենտրոնի նորաբաց ակնաբուժական բաժանմունքում իրականացվել է 100-ից ավելի վիրահատություն

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի բժշկական կենտրոնի նորաբաց ակնաբուժական բաժանմունքն ընդամենը շուրջ կես տարվա պատմություն ունի, սակայն արդեն նկատելի են որոշակի դրական արդյունքներ եւ ձեռքբերումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, բաժանմունքում արդեն ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով իրականացվել է կատարակտայի 100-ից ավելի վիրահատություն։ Կատարվել է նաեւ թեւակերպ փառի եւ կոպերի տարբեր տեսակի վիրահատություններ։ Ակնաբուժական բաժանմունքի գործունեությունը մեծապես օգնում է Գավառ համայնքի բնակչությանը՝ բուժսպասարկումը տեղում եւ որակյալ ստանալու համար։ Վիրահատությունները կատարվում են վիրաբույժ Համազասպ Հայրապետյանի եւ բուժող բժիշկ, ասիստենտ Գոհար Մկրտչյանի կողմից։

«Ակնաբուժական ծառայության ստեղծումը մեր բուժհաստատությունում չափազանց պահանջված էր, եւ մեզ հաջողվեց այն ՀՀ Առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ կյանքի կոչել՝ ապահովելով ինչպես արդի տեխնիկական սարքավորումները, այնպես էլ բարձրակարգ մասնագետներին։ Կատարակտայի ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիայի գործողությունը ամենաարդյունավետն է եւ ամենաապահովը։ Ակնաբուժական նորաբաց բաժանմունքի շնորհիվ մեր տարածաշրջանի բնակչության բուժսպասարկումն արդեն կատարվում է տեղում, աչքի հիվանդությամբ տառապող մարդիկ արդեն ազատվել են մայրաքաղաքում բուժման մեկնելու հոգսից եւ զանազան ծախսերից, իսկ մեզ մոտ բուժում ստացած քաղաքացիներն իրենց գոհունակություն են հայտնում բժիշկներից ու բուժսպասարկումից, վիրահատության արդյունքներից»,-հավաստեց Գարիկ Սողոմոնյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում