ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթները դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մեկնարկում է իր նոր՝ Երեւան-Ալ Քուվեյթ ուղիղ չվերթները, որը ոչ միայն նոր շուկայի բացահայտման, այլեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու նոր հնարավորություններ է տալու։ Վստահ ենք, որ Հայաստանը Ծոցի տարածաշրջանի հետ կապող այս նոր չվերթի միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն տուրիստական նոր հոսքերի ձեւավորման, մարդկային, մշակութային եւ գործարար կապերի խթանման համար», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: