Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-20/23. Անանյան, Մըքյուեն, Մոնթգոմերի, Ասմուս

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-20/23. Անանյան, Մըքյուեն, Մոնթգոմերի, Ասմուս

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Վախթանգ Անանյան, «Սևանի ափին»

343301334_3465284880412789_8638075093408315559_n.jpg (39 KB)

Վախթանգ Անանյանի (1905-1980) մեծ ճանաչում ունեցող «Սևանի ափին» արկածային վեպը հյութեղ ու հետաքրքիր լեզվով, ժողովրդական բառ ու բանով գրված գործ է, որը հատկապես այսօր ունի ճանաչողական մեծ արժեք: Ինչպես հատուկ է արկածային գրականությանը՝ վեպն ընթերցվում է հափշտակությամբ, իսկ յուրահատուկ, խոհեմ, քաջարի, արկածախնդիր և ուսումնատենչ կերպարները տպավորում են իրենց յուրաքանչյուր արարքով ու արկածով: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն. Իեն Մըքյուեն, «Քավություն»

344625317_1335032944113320_2618937165960198621_n.jpg (571 KB)

Իեն Մքյուենի «Քավություն» վեպի գործողությունները տեղի են ունենում 1935 թ. Անգլիայում։ Թոլլիսների ընտանիքի անդորրը խախտում է տան մոտակայքում կատարված մի հանցագործություն։ Այս միջադեպը՝ մեկնաբանված տասներեքամյա Բրայոնիի կողմից, կփոխի բոլորի ճակատագիրը, որին կհետևի նաև վերահաս պատերազմը՝ իր անդառնալի հետևանքներով։ Վեպն անդրադառնում է հիշողության, մանկության, պատերազմի, սիրո թեմաներին։ Թարգմանությունն անգլերենից`Մարիա Սադոյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Լյուսի Մոդ Մոնթգոմերի, «Աննան Ավոնլեայում»

343694390_268310752351337_1605024420940450960_n.jpg (87 KB)

Կանադացի վիպասանուհի Լյուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան Ավոնլեայում» ինքնատիպ երկը, որը լույս է տեսել 1909 թվականին, «Աննան կանաչ կտուրներից» ստեղծագործության շարունակությունն է: Ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևակայական աշխարհի դռները, ուր միայն երազկոտ հոգիները կարող են իրական երջանկություն գտնել: Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին: Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով գեղեցիկ գալիքի մասին: Թարգմանությունը՝ Հայկանուշ Շարուրյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Ռոնալդ Ասմուս, «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը»

343723059_776187927456926_7105059782459490229_n.jpg (215 KB)

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը ներկայացնում է ներսից: Ռոնալդ Ասմուսն այն ներկայացնում է թե՛ որպես տեսաբան, թե՛ որպես իրադարձությունների անմիջական մասնակից: 1990-ականների սկզբին նա առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, իսկ հետո, զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը, զբաղվում էր դրա իրականացմամբ: Գիրքը լույս է ընծայել Mediamax-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում