Վարդենիսում մեկնարկել է բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 223 միլիոն 336 հազար 344 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 7439 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան շենքերի տանիքներ Վարդենիս քաղաքի Ա. Սեյսմանուկյան-1,1/4, 5, Խ. Ստեփանյան-3, 5, 7, Երիտասարդական-3, 6, 12, Լեռնագործների-1/2 հասցեներում։ Ծրագրի շահառու են հանդիսանում 412 ընտանիք՝ շուրջ 1700 շնչով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Ռինդ-ՆԱՆ», «Ավետիս-Խեցի», «Արմ-Մեգագրուպ» կազմակերպությունները։ Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը նախատեսված է ավարտել 2023 թվականի օգոստոսին։
«Մեր քաղաքի համար կենսական կարևորության խնդիր է լուծվում։ Տասնյակ տարիներ բազմաբնակարան այդ շենքերի տանիքները շահագործման համար գրեթե պիտանի չեն՝ տեղումների ժամանակ կաթոցները դարձել են խնդրահարույց ու սովորական՝ քայքայման վտանգ ստեղծելով նաև շենքերի համար։ Վերջապես այս ծրագրի մեկնարկով և ավարտով մեր քաղաքի 400 ընտանիք կազատվեն այդ դժվարին հոգսից։ Ամբողջությամբ տանիքի ազբեստյա ծածկերը փոխարինվում են ցինկապատ թիթեղով, լրիվ փոխվում է նաև փայտե սյուները և կավարամածը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան