Հասարակական

Քառօրյա և 44-օրյա պատերազմներին մասնակից ուսանողները կարող են ստանալ մինչև 100 տոկոս կրթավճար

2 րոպեի ընթերցում

Քառօրյա և 44-օրյա պատերազմներին մասնակից ուսանողները կարող են ստանալ մինչև 100 տոկոս կրթավճար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «4090 Բարեգործական» հիմնադրամը շարունակում է ընդունել հայտեր 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, կարող են դիմել 2016 կամ 2020 թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ ԲՈւՀ-ում կամ միջին մասնագիտական հաստատությունում և կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:

Դիմորդները պետք է նախ լրացնեն հայտը հետևյալ հղումով, ապա ուղարկեն հայտում նշված բոլոր փաստաթղթերը մինչև մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը, PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը: Հարցերի դեպքում գրել [email protected]էլ.հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:

Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով` փաստաթղթերի դիտարկում և հարցազրույցի անցկացում:

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թթ պատերազմի մասնակից այն քաջերին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։

Նշվում է, որ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: Այս պահի դրությամբ Հիմնադրամն ունի ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող 60 շահառու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում