Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ
1 րոպեի ընթերցում
![Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1111388.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հայկական համայնքի «Ֆեյսբուք»-ի էջից:
Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ: