Պաշտոնական

Ոչ մի երեխա չպետք է ուշադրությունից դուրս մնա. ՀՀ նախագահն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահին

2 րոպեի ընթերցում

Ոչ մի երեխա չպետք է ուշադրությունից դուրս մնա. ՀՀ նախագահն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել համաժողովը, որի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձն ամբողջ աշխարհում:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահ Խաչատուրյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս խնդիրները խորքային քննարկել և միասնական քաղաքականություն մշակել: Նախագահը նշել է նաև, որ Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջապահության ոլորտին:

«Մենք շատ ենք կարևորում այն, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Համոզված եմ, որ համաժողովի երեք օրերի ընթացքում կփորձեք նոր լուծումներ գտնել: Համակարգված աշխատանք է կատարվում նաև մեր մասնագետների կողմից, և մեր բոլորիս հիմնական նպատակն այն է, որ ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չմնա և հնարավորություն ունենա պատշաճ բժշկական օգնություն ստանալ: Հույս ունեմ, որ ձեր համագործակցությունը շարունակական է լինելու»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:

Գիլիերմո Շանտադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր առաջին այցելությամբ:«Մեր միությունը համախմբում է ամբողջ աշխարհի շուրջ 3000 մասնագետների: Շատ հպարտ ենք այն աշխատանքի համար, որը կատարվում է Ասիայում, ինչպես նաև Հայաստանում: Այն իսկապես օրինակելի է: Շատ ուրախ ենք այստեղ լինելու համար»,- հայտնել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում