Հասարակական

ԱՆԻՖ-ը և Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը համատեղ ներդրումներ կիրականացնեն արդյունաբերության ոլորտում

3 րոպեի ընթերցում

ԱՆԻՖ-ը և Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը համատեղ ներդրումներ  կիրականացնեն արդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱՆԻՖ-ի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ ոլորտում տարիների փորձ ունեցող Յունիվերսալ Քլոզերս ընկերությունն արտադրում է կափարիչներ և մատակարարում տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան) եւ այլն։

Նախատեսվող ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք կբերի լրացուցիչ նոր հաստոցներ և սարքավորումներ, որոնց շնորհիվ TALOG / MASC տեսակի կափարիչների արտադրության և վաճառքի ընթացիկ ծավալները կաճեն մոտ 80%-ով:

Ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք կբերի նաև Crown Cap տեսակի կափարիչների արտադրության նոր հոսքագիծ: Այս տեսակի կափարիչները արտադրվում են սննդի բնագավառում օգտագործվող հատուկ պողպատի գլանվածքից և օգտագործվում են հիմնականում գարեջրի, ինչպես նաև ջրերի և ալկոհոլային խմիչքների համար: Ներկրվող բոլոր սարքավորումները և հոսքագծերը բացառապես արևմտաեվրոպական արտադրության են, իսկ արտադրությունում օգտագործվող հումքը ձեռք կբերվի միայն Եվրոպական առաջատար արտադրողներից:

Ծրագրով նախատեսված արտադրատեսակներն ունեն մեծ և կայուն պահանջարկ տեղական և միջազգային շուկաներում: Այս տեսակետից ծրագիրն ունի արտահանման խիստ որոշակի կողմնորոշում։ Նախատեսվում է արտահանել արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Գործարանի արտադրության ընդլայնման համար «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը կներդնի 3,9 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Ընկերության սարքավորումների առկա ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մինչև 180 մլն հատ կափարիչ:

Յունիվերսալ Քլոզերս ընկերությունը TALOG / MASC տեսակի կափարիչների միակ արտադրողն է Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է ԵԱՏՄ և ԱՊՀ շուկաների հիմնական մատակարարներից մեկը: Ընկերության արտադրանքը վաճառվում է Վրաստանում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:

«Ֆոնդը ներդրումներ է իրականացնում ամենատարբեր ոլորտներում մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ մրցունակ բիզնես ծրագրեր ստեղծելու նպատակով։ Այս ծրագիրը մեծ ձեռքբերում է հայկական արտադրանքը միջազգային շուկային տեսանելի դարձնելու ուղղությամբ։ Մշտապես կարևորելով տեղական արտադրության աճի և արտահանման խթանումը` մեր այս ներդրումային ծրագիրը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը».- Նշել է «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում