Արցախ

Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը՝ «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» կարգախոսով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրահավաքին Սամվել Բաբայանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը՝ անդրադառնալով այն կետերին, որոնք ըստ նրա, անհապաղ պետք է իրականացվեն:

«Առաջինը պաշտպանությունն է, քանի որ առանց դրա ոչինչ չենք կարողանալու անել:Մենք պետք է ունենանք մեր հստակ պաշտպանությունը՝ պրոֆեսիոնալ բանակով: Երկրորդը ժողովրդագրության վերականգնումն է ՝ տնտեսությունը զարգացնենք և ծնելիության աճը խթանենք: Երրորդը սոցիալական ՝ թոշակառուների խնդիրների լուծումն է և երկիրը սոցիալական այս վիճակից դուրս բերելը: Երկիրը պետք է լինի զարգացող և ապագա ունենա: Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այստեղ ապրել, սա լուրջ խնդիր է և մենք պետք է դրանք լուծենք»,-մանրամասնել է Բաբայանը՝ վստահեցնելով, որ հնարավորություն ստանալու դեպքում՝ 100 օրում պետք է կատարվեն այդ կետերը:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցների անունից հրապարակվել է հայտարարություն, որում մտահոգություն հայտնելով Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ, և ընդունելի համարելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ելքի տեսլականը, Արցախի Հանրապետության նախագահին պահանջ է ներկայացվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ օժտելով համարժեք լիազորություններով՝ ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի իրավակարգավորումների:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցներին ուղղված խոսքում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է ստեղծված իրավիճակում համերաշխությունը, հանդուրժողականությունն ու միասնականությունը՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախում բևեռներ չառաջանան:

«Եթե հանդուրժողականությունն ու համերաշխությունը լքեն մեզ, ապա մենք կորցնելու ենք Արցախը և դրա պատասխանատուները լինելու են ցանկացած հանրահավաքի առաջնորդներ»,-ասել է խորհրդարանի ղեկավարը՝ հայտարարելով, որ երկրի ղեկավարին կներկայացնի հանրահավաքի պահանջագիրը և կնախաձեռնի քաղաքական կոնսուլտացիաներ:

Հանրահավաքում հայտարարվել է, որ առայժմ կսպասեն պահանջագրի պատասխանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում