Գյուղերի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իր հայտարարությունում:

«Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանությամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները»,-նշել է ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Առավոտից ամբողջությամբ դադարեցվել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով։

Մանասյանը խիստ մտահոգիչ է համարել Ադրբեջանի կողմից վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորման առնչությամբ տարածված տեղեկատվությունը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ շտապօգնության մեքենան թիրախավորելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։

«Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,-եզրափակել է ՀՀ ՄԻՊ-ը:

Հայերեն Русский

Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ մեկնարկում է հայտերի ընդունումը

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման