Դատարանը որոշում է կայացրել արդարացնել Իգոր Խաչատուրովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իգոր Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ քրեական (2003թ) օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022թ. մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Ըստ ՔԿ-ի՝ այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը:
Իգոր Խաչատուրովը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։