Հասարակական

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

3 րոպեի ընթերցում

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի  տուրք մատուցեց  Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքները վերհիշելու, վերարժևորելու, վետերաններին ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու նպատակով «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերանների մասնակցությամբ բազմամարդ երթ անցկացվեց դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկեց Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց:

Երթի առջևում «Պոբեդա» ավտոմեքենաներն էին, որոնցում նստած էին վետերանները, նրանց հետևում էին «Վիլիս»-ները, որոնցում Հայրենական պատերազմի զինվորական համազգեստով արտիստներն էին:

Երթի մասնակիցները ծածանում էին Հայաստանի դրոշը, իրենց հետ տանում էին Հայրենական մեծ պատերազմում զոհված հարազատների լուսանկարները:

Ավելի վաղ «Անմահ գունդ արտերկրում» Հ/Կ հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանն ընդգծել էր, որ իրենց նպատակն է մշտապես վառ պահել հայորդիների հաղթանակները, նրանց սխրագործությունները: «Այդ հայորդիները մեր պապերն ու ծնողներն են: Նրանք այսօր էլ շարունակում են մեզ սովորեցել, թե ինչ է հայրենասիրությունը, ծնողասիրությունը, սովորեցնում են, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը, երբ ապրում ես որպես մեկ ազգ, մեկ ընտանիք: Կազմակերպելով մայիսի 9-ի հաղթական քայլերթը՝ կապում ենք անցյալն ու ներկան ու քաղաքական նպատակներ չենք հետապնդում: Մեր միակ նպատակն է հանրահռչակել ավելի քան 600 հազար հայորդիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, նրանց հերոսությունները»,-շեշտել էր Հովհաննիսյանն ու հիշեցրել, որ 600 հազար հայից պատերազմից չեն վերադարձել ավելի քան 250 հազարը:

Էդմոն Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում 67 վետերան է ապրում, սակայն նրանցից ութն է ակտիվ մասնակցում միջոցառումներին: Ամենատարեց վետերանը 103 տարեկան է, իսկ օրեր առաջ տոնել են վետերան Խաչիկ Հովակիմյանի հարյուրամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովակիմյանը պատմել էր, որ դուդուկահար է եղել: Երևանում է ապրել, երբ սկսվել է պատերազմը: Մեկնել է Վրաստան: «Այնտեղի քաղաքներով հասանք Կերչ, որտեղ արդեն պատերազմի դաշտն էր: Ծառայել եմ հայկական դիվիզիայում: Շատ երիտասարդ էի ու չէի հասկանում, թե մեզ ուր են տանում: Հիշում եմ, որ շատ էի ցանկանում կենդանի մնալ ու ստացվեց: Հայերը շատ լավ են կռվել, ինչի մասին է վկայում մեր հերոսների քանակը»,-նշել էր նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում