Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատգամավորները Թուրքիայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստին բարձրացրել են Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի հարցը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատգամավորները Թուրքիայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստին բարձրացրել են Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ընդգծել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ պատգամավորները ներկայացրել են, թե ինչ աշխատանք են իրականացրել ԽՎ-ի նիստի շրջանակում:

Օրակարգի առանցքը եղել է խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: Տարբեր երկրների կողմից հնչել են տարբեր թեմաներով զեկույցներ:

«Անդրադարձա նախ Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձությոններին, հսկիչ անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին, բնականաբար, իրենք բուռն արձագանքեցին»,-ասել է հայկական պատվիրակության նախագահ Բաբկեն Թունյանը:

Գևորգ Պապոյանն էլ շեշտել է, որ Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Արցախն ու արցախահայությանը:

«Շեշտել եմ, որ այդ մարդիկ հիմա սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած, դեղորայքի, պարենի պակաս կա: Եվ այնտեղ, ըստ էության, ցեղասպանության վտանգ կա: Եվ, բնականաբար, դրա մեղավորն ու պատասխանատուն առաջին հերթին հենց Ադրբեջանն է»,-պատմել է Պապոյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հորդոր են հղել նաև ց գլխավոր քարտուղար, ազգությամբ ադրբեջանցի Ասաֆ Հաջիևին, ով հանդիսանալով միջազգային կարգի պետական ծառայող՝ խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքը:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ նա վերջին շրջանում, օգտագործելով կազմակերպության սոցիալական ցանցի հարթակները, միակողմանի հայտարարություններ է արել: Թուրքական լրատվամիջոցի հետ հարցազրույցում ի պաշտոնե հանդես գալով՝ անթույլատրելի արտահայտություններ է արել Հայաստանի և մի քանի այլ երկրների հասցեին՝ ընդհուպ հնչեցնելով ուժի կիրառման սպառնալիքներ:

«Վերջին նախազգուշացումը տվեցինք: Կոչ արեցինք, որ ոչ միայն հեռացնի տվյալ հրապարակումները, այլ նաև հետագայում չփորձի երբեք նման արտահայտություններ անել»,-նշել է Թունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում