Հայ և գերմանացի գիտնականներն աշխատում են գինեգործության ոլորտում կիրառվելիք մեթոդների մշակմամբ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրի կենսաինֆորմատիկայի հետազոտական թիմը՝ հայ և գերմանացի գիտնականների ներգրավմամբ աշխատում է գինեգործության մեջ կիրառվելիք կենսաինֆորմատիկայի մեթոդների մշակմամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լայպցիգի համալսարանի գիտնական, կենսաինֆորմատիկայի ուղղությամբ հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Հանս Բինդերը նշեց, որ մեծ ոգևորվածությամբ պատրաստ է Հայաստանում գործընկեր գիտնականների հետ կիսվելու հետազոտություններում ունեցած իր փորձով: Բինդերը ընդգծեց, որ Հայաստանի գիտնականների հետ համագործակցում է ավելի քան 10 տարի:

«Ես մոտ 20 տարի աշխատել եմ կենսաինֆորմատիկայի ալգորիթմական մոտեցումների մշակման ուղղությամբ, որոնք կիրառվում են հիմնականում անհատականացված բժշկության ոլորտում: FAST-ի հետ համատեղ իրականացվող նախագիծը խաղողի գենոմիկային ուսումնասիրման թեմայով է, որի միտքը առաջացել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գործունեություն ծավալող գիտական խմբի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց գիտնականը:

Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանը կարելի է համարել խաղողագործության զարգացման բնօրրան, որի շնորհիվ էլ այս թեմայով հետազոտության իրականացումը մեծ կարևորություն ունի:

«Այս աշխատանքի հիմքում խաղողի գենոմի ուսումնասիրությունն է, հատկապես` դիմացկունության գեների հայտնաբերումը, որը մեզ անմիջապես կապում է արտադրության և գինեգործության հետ: Հայաստանի վայրի խաղողի տարբեր տեսակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք դիմացկուն են մի շարք հիվանդությունների նկատմամբ: Գտնելու դեպքում այն գեները, որոնք պատասխանատու են այդ դիմացկունության համար, դրանք կարող են առանցքային դեր ունենալ հենց արտադրության համար»,- ասաց պրոֆեսոր Հանս Բինդերը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը նշեց, որ ADVANCE դրամաշնորհային ծրագիրը FAST-ի ամենակարևոր նախագծերից է, որն ուղղված է միջազգային գիտնականների և հայաստանյան հետազոտական խմբերի միջև կապեր հաստատելուն, որպեսզի միասին աշխատեն նորարարական և միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա:

«Ծրագրերն իրականացվում են կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, նեյրոգիտության, համակարգչային տեսողության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի, դեղերի հայտնագործման, տվյալագիտության, ռադիոկենսաբանության, մաթեմատիկական վերլուծության ուղղություններով: ADVANCE ծրագրի շահառու է ավելի քան 50 գիտնական Հայաստանից, ովքեր ընտրվում են բաց մրցութային կարգով»,- ասաց Վերոնիկա Աղաջանյանը:

Կենսաինֆորմատիկայի ուղղությամբ գործող հետազոտական թիմում բացի հայ հետազոտողներից ներգրավված են նաև չեխ և չինացի գիտնականներ: Թիմի ավագ հետազոտող Մարիա Նիկողոսյանի խոսքով` սա շատ կարևոր փորձառություն է իրենց համար:

Անդրադառնալով իրականացվող հետազոտությանը՝ նա նկատեց, որ հայկական վայրի խաղողի ամբողջ գենոմի ուսումնասիրության արդյունքում ստացված գիտելիքները ապագայում հիմք կհանդիսանան մի շարք սելեկցիոն ծրագրերի մշակման համար:

Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանն էլ ընդգծեց, որ ծրագրի շրջանակում նշանակալի դեր է հատկացվում համալսարանների ու գիտական կենտրոնների հետ համագործակցությանը: Նպատակը նաև համալսարանների ներուժի զարգացումն ու տաղանդներին դեպի համալսարաններ բերելն է:

«Գիտնականների կողմից ստեղծվող գիտական արդյունքը՝ միջազգային գիտական ամսագրերում հրապարակումները, որ իրականացնում են թիմերը, անմիջականորեն դրական ազդեցություն կունենան համալսարանների միջազգային վարկանիշի վրա: Կենսաինֆորմատիկայի ինստիտուտը ընտրել է ռազմավարական նշանակության երկու ուղղություն՝ մեկը առողջապահական ոլորտում կենսաինֆորմատիկան է, մյուսը՝ կենսատեխնոլոգիաների ոլորտը»,- ասաց նա:

Նա նշեց, որ առողջապահության ոլորտում նրանք աշխատում ենք մարդու գենոմի և բակտերիալ վարակների հետ, իսկ կենսատեխնոլոգիական ոլորտը հիմնականում հենց խաղողի գենոմիկայի նախագիծն է: Մասնագետի խոսքով՝ խաղողի գենոմիկայի նախագիծը շատ արագ զարգացավ երկու տարվա ընթացքում:

«Նախագծից ակնկալիքները բավականին մեծ են, առաջին 4 տարում հիմնականում կլինեն գիտական հետազոտություններ ու հոդվածների տպագրություն: Ապագայում էլ բնականաբար նորարարության հիման վրա շատ հնարավոր է ծնվեն նոր ու հետաքրքիր ստարտափեր»,- եզրափակեց Լիլիթ Ներսիսյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին հաջողակ ձեռնարկատերերի, գիտնականների ու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների կողմից, այդ թվում՝ Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Արթուր Ալավերդյանի և այլոց: Հիմնադիր տնօրենը Արմեն Օրուջյանն է:

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծմանը: FAST-ի գործունեության հիմնական ուղղություններն են` տվյալագիտություն և արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտաշինություն: FAST-ը ձգտում է Հայաստանը տեխնոլոգիա սպառող երկրից վերածել տեխնոլոգիա ստեղծող երկրի: FAST-ի նպատակն է 2041 թվականին, երբ կլրանա ՀՀ անկախության 50-ամյակը, Հայաստանը մտցնել աշխարհում թոփ 10 նորարար երկրների շարքը: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն (Education), գիտություն (Research) և գիտական արդյունքի առևտրայնացում (Commercialization), խորքային փոփոխություններ բերելուն:

Հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս Սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանում գիտության զարգացման գործում: FAST-ն իր գործունեությամբ ձգում է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում արտասահմանյան փորձն ու գիտելիքը հասանելի դարձնել հայ մասնագետներին՝ միավորելով ու անընդհատ ընդլայնելով իր հետ գործակցող անհատների ու կազմակերպությունների ցանցը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում