Պաշտոնական

ՀՀ վարչապետը և Չեխիայի նախագահը անհրաժեշտ են համարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և Չեխիայի նախագահը անհրաժեշտ են համարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Չեխական կողմը նշել է, որ հետաքրքրված են հայաստանյան «Թումո» կենտրոնների փորձով և Պրահայում նման կենտրոնի բացման ուղղությամբ համագործակցությամբ:

«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության հետևողական արձագանքի կարևորությունը: Երկուստեք շեշտվել է միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական երկխոսությանը:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Վիտկովի ազգային կոթող-հուշահամալիրին` հարգանքի տուրք մատուցելով անհայտ զինվորի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում