Արցախ

Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը

2 րոպեի ընթերցում

Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի իրավունքների և մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Արցախի ներկայացուցչությունում այս մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին Օ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը և Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Ֆրանսիայից ժամանած պաշտոնյաները միջազգային հանրությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակարգի դեմ, քանի դեռ Բաքուն հրաժարվում է կատարել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմ տեղաշարժ ապահովելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Հանդիպման ընթացքում Քզավիե Բերտրանը ընդգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այլ գործողություններն անընդունելի են և պետք է դադարեցվեն:

«Որևէ մեկն իրավունք չունի անցակետ դնել, միջանցք փակել, խոչընդոտել հարյուրավոր մարդկանց բուժում ստանալուն, երեխաներին զրկել կրթության հնարավորությունից, արգելափակել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարարումը: Ադրբեջանին որևէ մեկը նման իրավունք չի տվել: Ֆրանսիա վերադառնալուց հետո պետք է բարձրաձայնեմ այս մասին»,- ասաց նա:

Ըստ համատեղ հայտարարության՝ Ադրբեջանի վարչակարգը ինչպես իր իսկ քաղաքացիների ճնշման գործելակերպով, այնպես էլ Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական ծավալապաշտությամբ, կարող է միայն պատերազմի, ավերածությունների, թշվառության և հուսահատության հանգեցնել։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում