Շիրակի մարզում իրականացվելու է շուրջ 22 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի կապիտալ ներդրում
5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 89,4 տոկոսով։ Այս մասին մայիսի 2-ին կայացած մարզի խորհրդի նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:
Մարզխորհրդի նիստի մեկնարկին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորեց Անի համայնքի նորընտիր ղեկավարին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին եռամսյակի կատարմանն է առնչվել։ Ըստ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի, համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 89,4 տոկոսով։ Եթե տեղական և պետական տուրքերը գանձվել են համապատասխանաբար 153 և 135 տոկոսներով, ապա անշարժ գույքի հարկը կատարվել է 65,9 տոկոսով, հողի և գույքի վարձակալության գումարներն էլ՝ 73,5 տոկոսով։ Նշենք, որ եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյանում, ամենաբարձրը՝ Արթիկում և Անիում:
Շիրակի մարզպետը նշել է, որ չնայած առաջին եռամսյակի փաստացի հավաքագրվածի, աճը 2022-ի համեմատությամբ 24.9 տոկոս է, սակայն եկամուտների հավաքագրման ցուցանիշները գոհացուցիչ չի կարելի համարել․ «Սեփական եկամուտների կատարումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է։ Միայն նպատակաուղղված ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, ինչից էլ կախված է համայնքի բարեկեցությունը»։
Օրակարգային հաջորդ հարցը գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և առաջիկա ծրագրերի մասին է եղել։ Ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի, մարզում կատարվել է շուրջ 12000 հա գարնանացան, 18203 հա էլ աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 5523 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածության աճին նպաստել է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ցորենի մշակությամբ զբաղվող մարզի 6302 շահառուների ապրիլի 27-ի դրությամբ տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 1.145 մլրդ դրամ։
2023 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ամբողջական փաթեթների ներկայացման մասին է խոսել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը՝ նշելով, որ հաստատված կարգի համաձայն 2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 31 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլրդ 54 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 5 մլրդ 325 մլն դրամ, համայնքների բյուջեի ֆոնդային մասը՝ 4 մլրդ 640 մլն դրամ և այլ ներդրողներ 89 մլն դրամ :
Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը ներկայացրել է 2023 թվականին նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերը։ Քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվելու է շուրջ 22 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի կապիտալ ներդրում։ Այդ թվում 3 մլրդ դրամի բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվելու, շուրջ 4 միլիարդ 500 միլիոն դրամի շրջանակներում կառուցվելու և հիմնանորոգվելու է 16 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներ, 13 միլիարդ 500 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, 100 մլն դրամի նախագծային աշխատանքներ են կատարվելու, իսկ մասնավոր ներդրողների կողմից շուրջ 1 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են կանխատեսվում։
Մարզի խորհրդի նիստի ժամանակ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանն անդրադարձել է պահեստազորայինների վարժական հավաքների հետ կապված կազմակերպչական աշխատանքներին, իսկ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետն էլ՝ քաղաքաշինական նորմերի և կանոնների պահպանմանն ու ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացման բացառմանը։
ԱրմենուհիՄխոյան