7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
Երկրորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը» երրորդ տեղում է: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հանրահայտ մուկիկի մասին հեքիաթը, դե, իսկ սյուժեն, հայտնի է բոլոր-բոլորին:
Աստրիդ Լինդգրենի «Ավազակի աղջիկ Ռոնյան» չորրորդ տեղում է։ Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն հինգերորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։
Վեցերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Յոթերորդ տեղում է «365 հեքիաթ. ամեն օր մի պատմություն» գիրքը։ «Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ. ամեն օր մի պատմություն» ժողովածուն բաղկացած է տարվա ամեն օրվա համար նախատեսված 365 հեքիաթներից: Այստեղ են Մոխրոտիկն ու Սպիտակաձյունիկը, Ռապունցելն ու Զընգ-զընգը, Միքի Մաուսն ու Ռոբին Հուդը և նույնիսկ Մայքն ու Սալին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները:
Ութերորդ հորիզոնականում է Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը»: Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» իններորդ տեղում է։ Վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։
Նիլ Գեյմանի «Քորլայն»-ը տասներորդ տեղում է։ Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Գրիգոր Քեշիշյան «Երկնքում շատ աստղեր կան» |
Դավինչի | 75 | |
| 2 | +5 |
«Գայլն ու յոթ ուլիկները» |
Բուկինիստ | 56 | |
| 3 | * |
Դերենիկ Դեմիրճյան «Պույ-Պույ Մուկիկը» |
Բուկինիստ | 48 | |
| 4 | * |
Աստրիդ Լինդգրեն «Ավազակի աղջիկ Ռոնյան» |
Զանգակ | 38 | |
| 5 | * |
Խնկո Ապեր «Առակներ» |
Բուկինիստ | 33 | |
| 6 | * |
«Շունն ու կատուն» |
Բուկինիստ | 32 | |
| 7 | * | «365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» | Դավինչի | 29 | |
| 8 | * |
Լիլիթ Ալթունյան «Կապույտ աղվեսը» |
Զանգակ | 29 | |
| 9 | * |
Էլվին Բրուքս Ուայթ «Շարլոթի սարդոստայնը» |
Զանգակ | 25 | |
| 10 | -2 |
Նիլ Գեյման «Քորլայն» |
Զանգակ | 17 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: