Արցախ

Արցախի ԱԺ հանձնաժողովը հաստատել է ռազմական դրության ժամանակ երկրի նախագահ ընտրելու իրավունքը ԱԺ-ին վերապահելու նախագիծը

3 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ հանձնաժողովը հաստատել է ռազմական դրության ժամանակ երկրի նախագահ ընտրելու իրավունքը ԱԺ-ին վերապահելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստի օրակարգի առաջին հարցը Արցախի նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժ. Միրզոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:

4 կողմ ձայնով նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստին:

Հաջորդիվ քննարկվել է պատգամավորներ Վ. Կասյանի և Ա. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացնելով այն՝ Վլադիմիր Կասյանը նշել է, որ նախագծի ընդունման դեպքում Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոնների առկայության դեպքում տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները բավարարող հանրային բոլոր ծառայողները հավասարապես կօգտվեն պաշտոնի նշանակվելու իրավունքից:

Հանձնաժողովը նախագծին միաձայն կողմ է քվեարկել:

Արցախի դատախազության 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է Արցախի գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 2093 հանցագործություն, նախորդ տարվա համեմատ 313-ով ավել: Պատգամավորները հարցադրումներ են ուղղել կոռուպցիոն հանցագործությունների, պետական իշխանության դեմ ուղղված և այլ հանցատեսակների վերաբերյալ:

Քննարկվել է նաև «7-րդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ, որին երկու կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել:

Օրակարգի այս և այլ հարցերը կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում