Պաշտոնական

ԵԽ-ում ԼՂ հարցի բարձրացումը հրատապ է. ՀՀ ԱԺ պատգամավորները հյուրընկալել են Լուկաս Ֆուրլասին

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ում ԼՂ հարցի բարձրացումը հրատապ է. ՀՀ ԱԺ պատգամավորները հյուրընկալել են Լուկաս Ֆուրլասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:

Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր:

Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը:

Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում