Ադրբեջանը նախօրոք ազդարարում է իր ցեղասպան գործողությունների մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը. Արցախի ԱԳՆ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Իր գործակալների միջոցով Արցախն ավելի քան 4 ամիս անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրություննԱդրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։

Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրությանդատապարտմանը կամ հակազդեցությանը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։

Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը:

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս