Պաշտոնական

Կարևորում ենք հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները. ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

3 րոպեի ընթերցում

Կարևորում ենք հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները. ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքում տեղ գտած շնորհավորանքից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Շնորհավորանքիս ջերմ խոսքերն եմ հղում Ձեզ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ինքնամաքրման և ծոմապահության ավարտը խորհրդանշող Ֆեթր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս լուսավոր տոնի խորհուրդը հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի անբաժան ուղեկիցը լինի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր ներկայանալով որպես քրիստոնեության և իսլամի արդյունավետ երկխոսության վառ օրինակ, առաջիկայում կնվաճեն նոր հորիզոններ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հանուն տարածաշրջանային կայունության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ իսլամական սուրբ տոնի՝ Ֆեթրի կապակցությամբ: Թող այս տոնի բարեբերությունն ու օրհնությունները մշտապես ուղեկցեն հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին:

Հազարամյակների հարուստ պատմության վրա խարսխված և անշեղորեն զարգացող մեր երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար այսօր առկա են բոլոր նախադրյալները: Լիահույս եմ, որ քաղաքական կամքի և կայուն փոխգործակցության շնորհիվ ականատեսը կլինենք մեր երկու երկրների համագործակցության ընդլայնման՝ հանուն հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային անվտանգության:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում