Պաշտոնական

ՀՀ նախագահը հանձն է առել ապահովել բոլոր քայլերը հայ-լիտվական հաջորդ գործարար համաժողովը Հայաստանում անցկացնելու համար

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հանձն է առել ապահովել բոլոր քայլերը հայ-լիտվական հաջորդ գործարար համաժողովը Հայաստանում անցկացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում նախագահները հանդես են եկել բացման խոսքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հայ-լիտվական գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին` երախտագիտություն հայտնելով լիտվական կողմին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

«Ֆորումի նկատմամբ զանազան գործարար շրջանակների ներկայացուցիչների ցուցաբերած այսչափ հետաքրքրությունն իսկապես քաջալերող է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ հայկական կողմից ֆորումին մասնակցելու հետաքրքրությունը շատ ավելի մեծ էր: Հանձնառու եմ ապահովել բոլոր անհրաժեշտ քայլերը հաջորդ բիզնես ֆորումը Հայաստանում անցկացնելու համար։ Որպես տնտեսագետ և քաղաքական գործիչ՝ նշեմ, որ տնտեսությունը սեղմ քաղաքականությունն է, մինչդեռ սեղմ տնտեսությունը՝ հաջողած բիզնեսն է: Ուստի բիզնեսի հաջողությունը թե՛ տնտեսության և թե՛ քաղաքականության հաջողության վկայությունն է»,-նշել է նա:

Նախագահն ընդգծել է, որ առաջնորդվելով այդ տրամաբանությամբ՝ իր այցի ծրագրի նախագծման մեկնարկից սկսած՝ ցանկացել է, որ այցի ընթացքում ունենան գործարար բաղադրիչ, և ինքն ուրախ է, որ դրանում հաջողել են:

«Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ՝ կոչ եմ անում օգտվել այս պատեհ առիթից բացահայտելու, համախմբելու և իրագործելու ձեր հետաքրքրությունը երկու երկրների համար կարևորություն ներկայացնող բիզնեսների նկատմամբ և լավագույնս օգտվելու Լիտվայի իշխանությունների կողմից սիրով տրամադրված այս հարթակից:

Խոսքս կավարտեմ այս նկատառումով, որ բիզնեսը ոչ թե երկարաշունչ ելույթների, այլ գործողությունների և արդյունքների մասին է, ուստի մաղթում եմ բոլորիդ արգասաբեր միջոցառում և հավաստիացնում, որ պատրաստակամ եմ աջակցելու ձեր բոլոր գաղափարներին և նախաձեռնություններին»,-եզրափակել է Վահագն Խաչատուրյանը:

Գործարար ֆորումի մեկնարկին նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի ներկայությամբ ՀՀ և ԼՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները համագործակցության և փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել նաև համաժողովի մասնակից հայ և լիտվացի գործարարների միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում