ՀՀ նախագահը Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ:
Հայաստանի նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին: