Ֆուտբոլից դեպի խոհանոց. թե ինչպես այլ երազանքներ ունեցող երիտասարդը հայտնվեց խոհարարության աշխարհում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոհարարությունն ուղղակի աշխատանք չէ: Այն արվեստ է, որը գիտելիք, տաղանդ ու աշխատասիրություն է պահանջում։ Խոհանոցն էլ մի առանձնահատուկ «արվեստանոց» է, որտեղ մարդիկ արարում և ստեղծագործում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավար, շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանն ընդգծեց, որ իր համար խոհարարությունն արվեստ ու կյանք է: Ըստ նրա, ինչպես կյանքում և արվեստում, այնպես էլ խոհանոցում, պետք է պատրաստ լինել համարձակ իմպրովիզների, չվախենալ փորձություններից, նորարար մոտեցումներից: Խոհարարությունն անսահման ստեղծագործելու հնարավորությունների աշխարհ է:

Ֆուտբոլից դեպի խոհանոց մեկ քայլ. միանգամայն այլ նպատակներ ու երազանքներ ունեցող երիտասարդը հայտնվեց բոլորովին նոր աշխարհում:

«Ութ տարի շարունակ ֆուտբոլի եմ հաճախել, շատ սիրում էի ու բավականին մեծ հաջողություններ ունեի: Արդեն ծրագրել էի, որ շարունակելու եմ և կարծում էի՝ ապագաս հենց ֆուտբոլն է: Սակայն 16 տարեկանում լուրջ վնասվածք ստացա և խաղալ այլևս չէի կարող: Ստիպված էի թողնել սիրելի սպորտաձևն ու մոռանալ հայտնի ֆուտբոլիստ դառնալու երազանքների մասին: 17 տարեկան էի, երբ ընկերոջս հետ որոշեցինք ունենալ մեր փոքրիկ բիզնեսը: Մաշտոցի պողոտայում կրպակ բացեցինք՝ արագ սննդի կետ էր, որտեղ հենց ես էի խոհարարը: Կրպակում աշխատելու ընթացքում հասկացա, որ խոհարարությունը հետաքրքրում է ինձ, և այն, ինչ անում էի, միայն գումար վաստակելու համար չէր: Արդեն սիրում էի խոհարարությունը և այդ ուղղությամբ գիտելիքներս ու հմտություններս խորացնելու ցանկություն ունեի»,-պատմեց Կարեն Խաչատրյանը:

Մասնագետը նշեց, որ զինծառայությունից վերադառնալուց հետո արդեն որոշել է լրջորեն զբաղվել խոհարարությամբ:

«Սիրում եմ իմ մասնագիտության հետ կապված ամեն ինչ՝ սկսած առօրյա թիմային ժողովներից մինչև հաճախորդի սպասարկում: Բայց ամենասիրելին ստեղծագործելու և նորն արարելու պահն է, երբ երևակայությունդ վերածում ես համեղ ու էսթետիկ ափսեի»,-ասաց նա:

Խոհանոցը մի «արվեստանոց» է, որն ունի իր կանոնները, իսկ լավ խոհարար լինելու համար առաջնային է աշխատասիրությունը, կամքի ուժը, խոհարար դառնալու մեծ ցանկությունն ու ձգտումը, սթրեսադիմացկունությունը և մեծ սերը մասնագիտության նկատմամբ:

«Պետք է սիրել, անմոռաց սիրել աշխատանքդ, մասնագիտությունդ: Համեղ ուտեստի գաղտնիքը սերն է, սերն ու ներդրված հոգին»,-ընդգծեց խոհարարը:

Անդրադառնալով մասնագիտության բարդություններին, մասնագետը նշեց՝ գոյություն չունի հեշտ մասնագիտություն, և խոհարարի մասնագիտությունն էլ ունի իր բարդությունները:

«Խոհարարությունն ամենաարագ զարգացող և փոփոխվող ոլորտներից է: Պետք է անընդհատ հետևել զարգացումներին, բացահայտել նորն ու երբեք չդադարել սովորել, ներդրում անել անձնային աճի և հմտությունների զարգացման մեջ»,- ասաց Կարեն Խաչատրյանը:

Խոհարարը կարևորեց՝ ցանկալի է, որ յուրաքանչյուր խոհարար, անկախ իր խոհանոցային ուղղվածությունից, կատարյալ տիրապետի իր ազգային խոհանոցին:

Մասնագետն ուրախությամբ նշեց, որ այսօր արդեն խոհարարի մասնագիտության հանդեպ կա հետաքրքրվածություն:

Նյութի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին