Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Ադրբեջանի սադրանքի առնչությամբ հայտարարության համար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Ողջունելով դեսպանին` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի առնչությամբ հայտարարությամբ հանդես գալու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Դեսպանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային կառույցներում:
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի` Հայաստան կատարած այցին եւ ՀՀ ԱԺ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին` օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ աշխատակազմերի միջեւ գործակցության, փորձի փոխանակման հետ կապված:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: