Արցախ

Լաչինի միջանցքի փակ հատվածում ադրբեջանցիների սադրիչ քայլերի հետևանքով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

2 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի փակ հատվածում ադրբեջանցիների սադրիչ քայլերի հետևանքով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից նախնական պայմանավորվածությունը խախտելու և Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում Ստեփանակերտ վերադառնալ փորձող արցախցիների մուտքն արգելափակելու հետևանքով 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է, որոնք ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, հիվանդանոցում բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ Արցախի ոստիկանությունը հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։ Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Խաղաղապահները վերջիններիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ են ուղևորվել 27 քաղաքացիական անձինք, սակայն Ադրբեջանը, խախտելով նախնական պայմանավորվածությունը, արգելել է նրանց մուտքն Արցախ։ ՌԴ խաղաղապահների բանակցություններն ադրբեջանցիների հետ արդյունք չեն տվել, և 23 անձ վերադարձել է Գորիս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում