ՀՀ վարչապետը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,

Ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը:

Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր: Ինձ համար մշտապես հաճելի է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ՝ քննարկելու այդ բոլոր հարցերը: Բարի գալուստ»:

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Շատ շնորհակալ եմ: Ինձ նույնպես շատ հաճելի է հանդիպել Ձեզ հետ, քննարկել մեր երկկողմ օրակարգի հարցերը: Ցանկանում եմ առաջին հերթին նշել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Իհարկե, դրանք հարաբերություններ են, որոնք ներկայիս տեսքով կառուցվում են վերջին 30 տարվա ընթացքում, իսկ իրականում բազմադարյա պատմություն ունեն, և մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները:

Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Հայերեն العربية English Français Русский

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի

Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

«Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու դիմում է մուտքագրել ՍԴ

ԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար

ՍԱՏՄ-ն կասեցրել է Լոռիում գործող պանրի արտադրամասի գործունեությունը

Պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեծ հաշվով դեկլարատիվ հարթությունից այն կողմ չի անցել․ արաբագետ