Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտները ներկայացնող 100-ից ավել ընկերություններ մեկ հարկի տակ. մեկնարկել է «Տուն-Էքսպո» ցուցահանդեսը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական առաջատար գործիքներ, աղյուսից մինչև արդեն պատրաստի բնակարանների առաջարկներ. Երևանում մեկնարկած TOON EXPO 2023-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում:
«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող 100-ից ավելի ընկերությունների:
Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ ընկերությունը ցուցահանդեսը իրականացնում է արդեն երկրորդ տարին:

Էքսպոյի շրջանակներում բոլոր ընկերությունները ներկայանում են հատուկ առաջարկներով և զեղչերով, քանի որ ցուցահանդեսի ձևաչափն է այդպիսին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով նման միջոցառումների իրականացումը, ընդգծեց, որ նախորդ տարի Հայաստանում գրանցվել է ռեկորդային՝ 322 հազար քմ շենքերի շահագործման ցուցանիշ, որը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է:

«Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ ձևաչափով համագործակցում են «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» և կառուցապատման ոլորտի պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ մի նպատակով, որպեսզի ոլորտը դարձնեն ավելի գրավիչ, իսկ ներդրումներ անելը՝ ավելի շահավետ»,- ասաց Քերոբյանը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Red Invest Group-ը, Defanse Housing և ASEDL ընկերությունները:
Defanse Housing-ի մարկետինգի տնօրեն Մարինա Բաբախանյանը նշեց, որ «Տուն-Էքսպո» ցուցահանդեսին Defanse Housing-ը ներկայացնում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարակից մասում բնակելի թաղամասը, որը Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենամեծ կառուցապատումն է:
Մասնակից ընկերություններից է նաև ASEDL-ը, որի գլխավոր նպատակը՝ ըստ ընկերությունը կորպորատիվ վաճառքների պատասխանատու Հարություն Կրպեյանի, կառուցապատողների կողքին կանգնելն է՝ առաջարկելով նրանց շենքերի արտաքին հարդարման հետ կապված բազմաթիվ լուծումներ:

«Տուն-Էքսպո» ցուցահանդեսի շրջանակում Red Invest Group-ը հանդես է գալիս 7 նոր նախագծով: Red Invest Group-ի բիզնեսի զարգացման տնօրեն Հովհաննես Բասենցյանն ընդգծեց, որ որպես էքսպոյի գլխավոր հովանավոր՝ ներկայացնում են գնիջեցումների բավականին հետաքրքիր փաթեթներ․ մինչև 5 միլիոն դրամի գնիջեցում ընկերության տարբեր նախագծերում:
Մասնակիցները ներկայացնում են հատուկ առաջարկներ ու համագործակցության պայմաններ, ինչպես այցելուների, այնպես էլ B2B ձևաչափով մասնակից կազմակերպությունների համար: Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են թեմատիկ սեﬕնարներ, բանախոսություններ, խաղարկություններ:
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին: