Պաշտոնական

Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունն ու խորհրդարանական դիվանագիտության ծավալման հնարավորությունների տեղաբաշխումը: Այս ուղղությամբ հնչել են կոնկրետ առաջարկներ, մասնավորապես, փորձի փոխանակում Հայաստանի Ազգային ժողովի եւ Սաքսոնիայի Լանդթագի ֆինանսաբյուջետային հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ:

Գերմանացի գործընկերը նշել է, որ տարբեր պաշտոնների բերումով առիթ է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի պատմությանը, մշակույթին առնչվող փաստեր: Նա ընդգծել է, որ ժողովրդավարությանն առնչվող հարցերում պատրաստ է փոխանակվել կուտակված փորձով՝ հավելելով, որ կրթամշակութային եւ ակադեմիական կրթության ոլորտներում էլ պատրաստ են ծանոթանալու հայաստանյան ուսանելի փորձին:

Լանդթագի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել տարածաշրջանի ու Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումները, Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած բազմաբեւեռ խնդիրները: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց: ՀՀ ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալել միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Մաթիաս Ռյոսլերին հրավիրել է Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում