Արցախ

Ադրբեջանը տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ տուժողներ չեն եղել, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:

«Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով:

Այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար:

ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:

Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում