Հատուկ նախագծեր

Գույներ, վրձիններ, շրջապատող կտավներ, որոնք արտացոլում են տարիների աշխատանքը, ներաշխարհը, կյանքը. բացահայտելով գեղանկարչի արվեստանոցը

2 րոպեի ընթերցում

Գույներ, վրձիններ,  շրջապատող կտավներ, որոնք արտացոլում են  տարիների աշխատանքը, ներաշխարհը, կյանքը. բացահայտելով գեղանկարչի արվեստանոցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գույներ, վրձիններ, շրջապատող կտավներ, որոնք արտացոլում են տարիների աշխատանքը, ներաշխարհը, կյանքը: Այսպիսի տեսք ունի գեղանկարիչ Կարեն Մկրտչյանի արվեստանոցը: Գեղանկարիչը երկար տարիներ իր գործունեությունը ծավալում է արվեստի ու գույների մեջ: Մասնագիտական ընտրության ճանապարհը եղել է հետաքրքիր, կյանքի է կոչվել մանկության երազանքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում գեղանկարիչն ընդգծեց, որ մասնագիտությունն է իրեն վաղուց ընտրել:

«Իմ գիտակից կյանքում ինչքան հետ եմ նայում ,միշտ էլ երազել եմ գեղանկարիչ դառնալ, պարզապես այստեղ ճանապարհն էր շատ հետաքրքիր, ինչպես կգնաս, ինչպես կստացվի՝ գաղափար չունեի փոքր տարիքում»,- ասաց գեղանկարիչը:

Կարեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ գեղանկարչությունը մի աշխարհ է, որտեղ մարդը կարող է ազատ լինել ու ստեղծագործության մեջ արտացոլել իր մտքերը, հույզերն ու ներաշխարհը:

Նա ընդգծեց՝ չնայած անհատի մեծ ցանկությանն ու աշխատանքին, կան հատկություններ, որոնք շատ կարևոր են ու ի սկզբանե պետք է լինեն մարդու մոտ:

«Գեղանկարիչ լինելը հեշտ չէ, բայց եթե սիրում ես, դժվարությունները սիրով կհաղթահարես»,-ասաց նա:

Հաճախ գեղանկարիչները իրենց կատվներն ընկալում են այնպես, կարծես իրենց սեփական երեխաները լինեն և դժվարությամբ են բաժանվում ստեղծագործություններից, թեպետ մեզ հետ զրույցում Կարեն Մկրտչյանն անկեղծացավ՝ տարիքի հետ մի փոքր հեշտանում է բաժանման գործընթացը:

«Վաղ շրջանում ինձ համար բավականին բարդ էր, որովհետև նկարը, որ տևական ժամանակ ապրում է քեզ հետ, նախ ինքդ ես ուզում երկար վայելել այն: Նաև ես հաճախ վերադառնում եմ իմ հին նկարներին՝ իրենց վերադարձնելով այսօրվա կյանք, իմ այսօրվա տարիքային մոտեցումով կամ փորձով փորձում եմ այն նորից նկարել»,- ասաց Կարեն Մկրտչյանը:

Գեղանկարիչն օրն անցկացնում է արվեստանոցում՝ իր միջավայրը վայելելով, և հաճախ գույների ու պատկերների աշխարհը ստիպում է նաև մոռանալ ժամանակի մասին:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Տաթև Դուրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում