Հասարակական

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց

3 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում  նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում գարունը մի կողմից բնակիչներին ուրախացնում է ջեռուցման սեզոնի ավարտով, մյուս կողմից խնդիրներ է առաջացնում՝ փողոցներն անանցանելի դարձնելով՝ հատկապես այն փողոցները, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրագիծ անցկացնելու համար աշխատանքներ է տարել: Այդ փողոցներն անմխիթար վիճակում են:

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ բնակիչներին մաղթում է համբերություն, վստահեցնելով՝ միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված, աշխատանքեր են տարվելու նաև Համաշխարհային բանկի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջոցներով։ «Փողոցաշինական նախկին տեմպը, որն ունեինք նախկին տարիներին, կշարունակվի նաև այս տարի: Փողոցներում, հիմնանորոգումից բացի, կտեղադրվեն նոր լուսակետեր»,-նշեց քաղաքապետը, տեղեկացնելով, որ միջոցների առկայության դեպքում քաղաքում նախատեսվում է նաև այլընտրանքային ճանապարհի կառուցում:

Մինչ փողոցաշինական այդ աշխատանքերը կմեկնարկեն, քաղաքապետարանի կողմից կատարվում է քանդված փողոցների հարթեցում ու խճապատում: Քաղաքապետը չի թաքցնում՝ այս ընթացքում բողոքները շատ են: «Ջայլամի պես չպետք է լինենք, պետք է լսենք խնդիրներն ու լուծում տանք ու հետևողական լինենք, ինչպես ասում են՝ կա խնդիր՝ կա լուծում»,-ասում է Վարդգես Սամոսնյանը՝ չարդարացնելով նոր ջրագծի տեղադրման աշխատանքերն իրականացնող «Դորոժնիկ» ընկերության դանդաղ աշխատանքը, ինչի հետևանքով քաղաքի որոշ հատվածներում բնակիչների համար անհարմար իրավիճակ է ստեղծվել: Քաղաքապետը նշեց, որ հուսադրողն այն է, որ այդ թաղամասերը նոր ջրագծի շնորհիվ շուրջօրյա ջրամատակարարում կունենան:

Անդրադառնալով վերջին շրջանում Հյուսիսային մաքսատանը մեքենաների կուտակումներին, ինչը շատ բնակիչների համար խնդիրներ է առաջացնում, Վարդգես Սամսոնյանը նշեց՝ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու համար. քաղաքում մաքսազերծման սպասող մեքենաների կայանման համար հատուկ տարածքներ կհատկացնեն:

«Քաղաքի խնդիրնեը շատ են, բյուջեն՝ քիչ»,-ասում է քաղաքապետը, վստահեցնելով, որ կգա այն օրը, երբ քաղաքի բոլոր փողոցները նորոգված կլինեն, բայց դեռ պետք է սպասել:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում