Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արցախի ԱԺ նախագահ
2 րոպեի ընթերցում
![Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արցախի ԱԺ նախագահ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1106834.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբհայտարարություն է տարածել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է
«Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին:
Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև՝ առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես ՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է փակ պահել կյանքի ճանապարհը:
Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:
Անկոտրում է արցախցու կամքը: Կա՛, արդյոք, ապաշրջափակման տարբերակ. կարծում եմ՝ այո: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:
Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի: Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ:
Արցախցիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Թերևս, ամենամեծ աշխատանքը՝ սկսած ծննդատան մանուկից մինչև զառամյալ ծերունի, հայ ազգի արժանապատվության պահպանումն է, որը կատարում ենք Աստծո օրհնությամբ և մեր համառության շնորհիվ:
Աստված պահապան հայկական երկու Հանրապետություններին»: