Արցախ

Մշակութային կյանքը շրջափակված Արցախում

5 րոպեի ընթերցում

Մշակութային կյանքը շրջափակված Արցախում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, Արցախում այս ընթացքում հաջողվել է կազմակերպել և իրականացնել մշակութային որոշ միջոցառումներ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եղել են նաև ծրագրված մշակութային միջոցառումներ, որոնք շրջափակման հետևանքով չեն կայացել:

«Հիմնական խոչընդոտը ձմռան շրջանում ջեռուցման լրիվ կամ մասնակի բացակայութունն է եղել, որի պատճառով հնարավոր չի եղել համապատասխան ջերմաստիճան ապահովվել մշակութային հաստատություններում,-մանրամասնեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, անցած տարվա դեկտեմբերին մշակութային միջոցառումներով հաջողվել է ապահովվել արցախցի մանուկների ամանորյա տրամադրությունը: Մասնավորապես, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Ձմեռային հեքիաթ» բեմադրության ներկայացումներով է հանդես եկել Ստեփանակերտում, Ճարտարում և Մարտակերտում: Այնուհետև Ստեփանակերտի պատկերասրահում երկու նոր ցուցահանդեսներ են բացվել, որոնցից փոխնախարարը կարևորել է նաև Արցախյան շարժման 35-ամյակին ընդառաջ՝ Ստեփանակերտում Շուշիի Կերպարվեստի թանգարանի փրկված գեղանկարների «Մշուշի միջից» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Բացի այդ հանրային լայն արձագանք է ստացել նաև Շարժման տարեդարձի առթիվ կազմակերպված պարային ֆլեշմոբը, որն ըստ փոխնախարարի, խորհրդանշում էր Արցախի միասնականությունն ու ապրելու կամքը:

Շրջափակման ընթացքում Արցախում մշտապես աշխատել են գրադարանները, իսկ պետական պատմաերկրագիտական թանգարանը գործել է հերթապահության ռեժիմով:

«Գազամատակարարման վերականգնումից հետո աշխատանքն ավելի լիարժեք ու արդյունավետ է դարձել»,- հավաստիացրել է Լ. Հովհաննիսյանը:

Դեռ շրջափակումից առաջ քննարկումներ էին ընթանում, որպեսզի պետական դրամատիկական թատրոնը «Անմահների դիրքը» բեմադրությունը կրկին ներկայացնի հանդիսատեսին, ինչն իրականություն է դարձել արդեն մարտի սկզբին:

Ներկայացումներ էին նախատեսվում նաև Երևանում, որի հնարավորությունից, սակայն, Արցախի մայր թատրոնն առայժմ զրկված է:

Փոխնախարարն ընդգծել է, որ շրջափակման հետևանքով տուժում են մշակութային փոխադարձ կապերը, ինչը փորձում են իրականացնել առցանց եղանակով:

Չնայած ստեղծված իրավիճակի հարուցած դժվարություններին՝ այս ընթացքում հաջողվել է ուսումնասիրություններ կատարել և վերջերս Մարտակերտի շրջանում վկայագրվել են նորահայտ խաչքարեր:

Լեռնիկ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ հատկապես Մարտակերտի շրջանում չուսումնասիրված վայրերը և օբյեկտները շատ են:

Նրա ասելով՝ տրանսպորտային վառելիքի խնդրի լուծման դեպքում կկարողանան ընդլայնել բոլոր աշխատանքները:

Անդրադառնալով Աղավնոյից, Բերձորից, Ներքին Սուսից տարհանված կոթողների ճակատագրի վերաբերյալ հարցին, ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնեց, որ տարհանված խաչքարերի մի մասը տեղադրվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, մյուսները օրերս նույնպես կտեղորոշվեն ու կտեղադրվեն:

Խոսելով ադրբեջանցիների այն հերյուրանքների մասին, թե «Հայերը վանդալիզմի են ենթարկել Ազոխի քարանձավը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, շեշտեց, որ խորհրդային տարիներին ադրբեջանցիները գտածոներ հայտնաբերելու համար նույնիսկ քարանձավի որոշ հատվածներ պայթեցրել են:

«Նորություն չէ, որ Ադրբեջանը մշակութային բռնայուրացման քաղաքականությունն սկսել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից և շարունակում է այսօր՝ անընդհատ մեզ մեղադրելով իբր վանդալիզմի մեջ: Այնինչ, Ազոխի քարանձավի պեղումների արդյունքում, հատկապես միջազգային արշավախմբի կողմից իրականացված, բավականին լուրջ նյութեր են հայտնաբերվել, որոնց մի մասը, ցավոք, այսօր չկա»,-փաստեց Լ. Հովհաննիսյանը:

Փոխնախարարը Արցախի հայկական ինքնության բռնայուրացման աղաղակող հանգամանքներից նշեց նաև վերջերս Մադրիդում՝ Իսպանիայի ազգային գրադարանում կայացած «Ղարաբաղի խանությունները. պատմամշակութային նույնականացում» վերտառությամբ գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է Ադրբեջանի արտգործանախարարության հովանավորությամբ:

Ըստ Լ. Հովհաննիսյանի՝ այդ գրքով ադրբեջանցիները զավեշտալի ու ցինիկաբար խեղաթյուրված կերպով օտարերկրացիների շրջանում որպես իրենցն են ներկայացնում Արցախի հայկական մշակույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում