Արցախ

Արցախի պետական նախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

1 րոպեի ընթերցում

Արցախի պետական նախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար կրթության համակարգ, որը դասական դպրոցական կամ լսարանային կրթությունից զատ ունակ է թողարկել ժամանակակից մտածողությամբ երիտասարդություն, գիտական մտածողություն ունեցող սերունդ, հայրենիքի պաշտպան, դաստիարակված ու պիտանի հանրության անդամ»,- իր խոսքում ասել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում առկա օրակարգային մի շարք հարցեր, կարևորվել է մարզամշակութային կյանքի ակտիվացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում