Մարտի 5-ին Ադրբեջանի իրականացրած դիվերսիան եռակողմ հայտարարության եռակի խախտում է պարունակում․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսանտների կողմիցոստիկանության երեք աշխատակիցների սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը։ Սրա հետևանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։

Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սույն թվականի մարտի 5-ին։ Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղևորվում էին Լեռնային Ղարաբաղի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր։ Հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը կարևոր է համարում արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար»,- հավելեց վարչապետը։

Այս առումով, ըստ Փաշինյանի, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։

«Ինչպես հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք՝ անվտանգության գոտի։ Հետևաբար, մարտի 5-ի Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում։ Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի հինգ կիլոմետրանոց գոտին»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն English Русский Türkçe

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան