Արցախ

ՌԴ խաղաղապահները անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չեն արձանագրել

2 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չեն արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ըստ հաղորդագրության՝ երեք երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Լաչինի միջանցքում։ Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս– Ստեփանակերտ երթուղով: Շուշիի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա է անցկացվել ։

ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2516,7 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա:

«ՌԴ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում