Հասարակական

Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը

3 րոպեի ընթերցում

Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թ. մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից:

Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան:

1974 թ. ավարտել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975 թ. սկսել է դիրիժորի կարիերան, հիմնել և ղեկավարել է «Մենակատարներ» անսամբլը:

1979-90 թթ եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ իրականացել են հայաստանյան բազմաթիվ փառատոններ ու մրցույթներ, և նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին:

1992-2010 թթ. դասավանդել է ԵրևանիԿոմիտասիանվան պետական կոնսերվատորիայում:

1994-2000 թթ եղել է ԵրևանիԱլ. Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում:

2003-2007 թթ. Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը:

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով:

2009 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

«ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դիրիժորի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին: Հանդիսատեսի հիշողության մեջ նա կմնա իբրև բարձրաճաշակ երաժիշտ և իր գործի եզակի գիտակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զավեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում մարտի 11-ին ժամը 17:30-20:00-ին:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 11:00-13:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում