Արցախ

Արցախի կառավարությունը ապրանքների մանրածախ վաճառքի առավելագույն գին կսահմանի

2 րոպեի ընթերցում

Արցախի կառավարությունը ապրանքների մանրածախ վաճառքի առավելագույն գին կսահմանի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանել է մանրածախ վաճառքում գտնվող ապրանքի շրջանառության հատուկ կարգ, որը վերաբերվում է նաև ապրանքի մանրածախ գնի առավելագույն սահմանաչափի որոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Հաշվի առնելով ստեղծված վիճակը և տնտեսական շրջափակման հետևանքով շուկայում իրացվող ապրանքատեսակների սղությունն ու գնագոյացման հետ կապված խնդիրները, տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքերը, 07․03․2023թ․ Արցախի Հանրապետության կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել, հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝ 500․000-1․000․000 դրամի չափով։

Գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։

Այսօր և վաղը կկազմակերպվի տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի»,- ասված է պետնախարարի հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում