ՀՀ օրենսդրությամբ էլեկտրոնային առևտրի ոլորտը լիարժեք կարգավորված չէ. Մրցակցության հանձնաժողովը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին շատ արագ տեմպերով մեծացել է էլեկտրոնային եղանակով առևտուր իրականացնող քաղաքացիների թիվը: Ելնելով ոլորտի արագ զարգացման տեմպերից՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը:
«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք էլեկտրոնային առևտրի ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրածուսումնասիրություններին:
Շուկաների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անի Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովի կողմից 2022 թվականին էլեկտրոնային առևտրի ոլորտում իրականցված ուսումնասիրության հիմնական ուղղությունները եղել են ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների ուսումնասիրությունը, էլեկտրոնային առևտրի զարգացման նախադրյալները, համաշխարհային էլեկտրոնային առևտրի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խանութ-սրահների վրա և էլեկտրոնային առևտրի միջոցով գնված ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը խանութ-սրահներից գնված ապրանքների հետ:
«Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, COVID-19 համաճարակի ընդլայնման հետ մեկտեղ՝ 2020 թվականի սկզբից էլեկտրոնային առևտուրը դարձավ ամենատարածված և նպատակահարմար այլընտրանքը, փոխարինելով մարդաշատ խանութներին և դեմ առ դեմ (face-to-face) գնումներին: Այս միտումը սկզբում պայմանավորված էր սահմանափակումներով, այնուհետև վերածվեց սովորության»,- ասաց մասնագետը:
Նա ընդգծեց, որ իրավական նորմերի վերլուծության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առկա չեն էլեկտրոնային առևտրի ոլորտի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ինչպես նաև այս պայմաններում բացակայում են համապատասխան երաշխիքներ ոլորտի համապարփակ վերահսկողության և կարգավորման համար։
Մասնագետի խոսքով, ընդհանուր առմամբ էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաներում մրցակցության վրա ունի շատ մեծ ազդեցություն, ավելին, նույնիսկ կենտրոնացված շուկաներում այն լուրջ խթան է հանդիսացել, որպեսզի բարձրացվի մրցունակությունը, խանութ սրահները ապահովեն ավելի որակյալ արտադրանք, ավելի բարձր որակի ծառայություններ մատուցեն: Իսկ սպառողների համար այստեղ մեծանում է ընտրության հնարավորությունը, նրանք հասանելիություն են ունենում և՛ Հայաստանի, և՛ արտասահմանյան ոչ միայն խանութ սրահներին, այլ նաև առցանց գործող խանութներին:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայասատանում էլեկտրոնային առևտրի եղանակով ամենաշատը ձեռք է բերվել հագուստ՝ շուրջ 67 տոկոս, այնուհետև սնունդ, հյուրանոցային համարների ամրագրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկայի ձեռքբերում: Երբ ուսումնասիրություններ ենք իրականացնում, մենք դիտարկում ենք ընդհանուր ոլորտը, նրա զարգացման տենդենցները, առհասարակ շուկայական իրավիճակները, և այս առումով մենք արձանագրել ենք շուկայում տիրող իրավիճակը, դրա հեռանկարները, ինչպիսի զարգացման միտումներ ունի այն: Այս ոլորտում եթե կոնկրետ ինչ-որ խախտումներ ենք բացահայտում, դրանք հետագայում արդեն ազդակ են հանդիսանում, որպեսզի վարչական վարույթներ հարուցենք և ավելի խորացված ուսումնասիրություններ իրականացնենք: Իսկ այս ոլորտում որևէ այդպիսի ազդակ մենք չենք ստացել»,- ասաց Անի Պետրոսյանը:
Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրություններին և առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրածմյուս երկուոլորտներին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ թողարկումներում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարեկան ընտրում է հինգ շուկա, կախված երկրի ռազմավարական նշանակության ոլորտներից, որոնք ունեն սոցիալական նշանակություն, շատ սպառում, ինչպես նաև հաշվի են առնվում սպառողների կողմից բարձրաձայնած և մամուլում տեղ գտած բողոքները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական գործառույթը շուկայում հավասար, արդար մրցակցություն ապահովելն է. այսինքն՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տնտեսվարողները կարող են միմյանց հետ արդար մրցակցել:
Այս գործառույթը իրականացնելու համար հանձնաժողովը հիմնականում երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, այսինքն՝ հարուցում է վարույթներ կոնկրետ ոչ օրինապահ տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու և նրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար, երբեմն նաև պատժամիջոցներ կիրառելու տեսքով:
Գայանե Գաբոյան