Արցախ

Ադրբեջանական ԶՈւ-ի դիվերսիոն խմբի կողմից կատարված հանցավոր գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶՈւ-ի դիվերսիոն խմբի կողմից կատարված հանցավոր գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքով մարտի 5-ին Արցախում զոհվել է 3 ոստիկան: Դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2023 թ. մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում