Արցախ

Արցախի ոստիկանության՝ Բաքվի դիվերսիայի հետևանքով վիրավորված ծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր

2 րոպեի ընթերցում

Արցախի ոստիկանության՝ Բաքվի դիվերսիայի հետևանքով վիրավորված ծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի դեմ մարտի 5-ի առավոտյան իրականացրած դիվերսիայի հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը վիրահատվել է , այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարության այս տեղեկատվությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հավելենք նաև, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում