Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին
2 րոպեի ընթերցում
![Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1105508.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին կոչ է արել ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և աջակցություն ցուցաբերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։
«Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։
Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։
Իհարկե, պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումն այսօր խիստ անհրաժեշտություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է պետնախարարի կոչի մեջ:
Գուրգեն Ներսիսյանն առաջիկայում նախատեսում է հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ:
«Մինչ հանդիպումը՝ կիկին խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։
Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։
Սպասում ենք ձեր արձագանքներին»,-ասել է նա: