Ադրբեջանի կողմից Արցախի ներկայացուցիչների հետ կապերի նորանշանակ պատասխանատուն Միլի մեջլիսի պատգամավոր է
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի կողմից Արցախի ներկայացուցիչների հետ կապերի նորանշանակ պատասխանատուն Միլի մեջլիսի պատգամավոր է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1105327.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ կապերի պատասխանատու։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է report.az-ը:
Ադրբեջանի նորանշանակ ներկայացուցիչը մարտի 1-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի հետ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի փոխանցմամբ՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:
«Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր՝ մասնավորապես` Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը վերականգնելու, Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական գծի վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության վերաբերյալ։ Այլ հարցեր օրակարգում չեն եղել։ Հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։